Ստամբուլի Բեյօղլու եւ Օքմեյդան թաղամասերում ոստիկանությունը համաժամանակյա գործողություններ է իրականացրել «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի (DHKP-C) դեմ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ շենքերից մեկում ոստիկանության գործողությունների ժամանակ ծուխ է նկատվել եւ երբ ոստիկանները կոտրել են դռան փականները եւ ներխուժել ներս, պարզվել է, որ ներսում գտնվողներն ինչ որ փաստաթղթեր են այրում։

Գործողությունների ընթացքում ձերբակալվել են 2 տասնյակ մարդ։

Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը գործողություններ է իրականացրել, քանի որ տեղեկություն է ստացել, որ DHKP-C-ն պատրաստվում է խոշոր գործողություն իրականացնել։

Հիշեցնենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։