Այսօր` մարտի 14-ին, ժամը 17-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո «Ժառանգության» ներկայացուցիչները պատրաստվում են Ազատության հրապարակում վերջապես տեղադրել վրանը, որին խոչընդոտում են ոստիկանները: Այս մասին ոստիկանների հետ բանակցություններից եւ ներքին քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ մինչ այդ պատրաստվում են դիմել պատկան մարմիններին` քաղաքապետարան, մշակույթի նախարարություն` մի քանի ֆորմալություններ ճշտելու համար:

Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ իրավական տեսակետից իրենք ճիշտ են եւ կարող են տեղադրել, բայց չեն ուզում գնալ բախումների ոստիկանների հետ եւ սրել իրավիճակը:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ ոստիկանները ոչ թե օրենքի խախտումն են կանխում, այլ քաղաքական որոշում են կատարում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանները թույլ չեն տվել վրան տեղադրել: Այս դեպքի հետ կապված, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ բանակցում են ոստիկանների հետ, որ թույլ տրվի վրան տեղադրել:

Ոստիկանները թույլ չեն տալիս վրան տեղադրել ոչ ասֆալտի վրա, ոչ՝ կանաչապատ տարածքում: «Կառավարությունը հանճարեղ որոշում է ընդունել, ըստ որի, ասֆալտը համարվում է պատմամշակութային մեծ արժեք, եւ վրանը, որը ոչ մեխ ունի վրան, ոչ էլ սուր ծայրեր՝ ասֆալտը փչացնելու համար, կարող է այս հրաշագեղ պատմամշակութային արժեք հանդիսացող Ազատության հրապարակի ասֆալտը փչացնել»,-ասել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է հայտարարել` պահանջելով Սերժ Սարգսյանի «ինքնաբացարկը»: Ավելի վաղ` մարտի 4-ին նա եւ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել էին ՍԴ` վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նախագահ է դարձել Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am