Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է առաջարկել ընդգրկվել Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Ջուլֆալակյանը:

Հարցին, թե քաղաքականությունը չի՞ խանգարելու սպորտին, նա պատասխանեց. «Ինչ էլ լինի, իմ մոտ առաջինը սպորտն է, եթե ինչ-որ մի բան խանգարեց սպորտին, դա կդրվի մի կողմ, իմ կյանքում առաջին հերթին սպորտն է եւ առաջին 4 տարին սպորտն է լինելու»: Իսկ թե ինչ պետք է անի օլիմպիական փոխչեմպիոնը Երեւանի ավագանիում, նա նշեց, որ ժամանակը ցույց կտա, դեռեւս վերջնական ոչ մի որոշում չեն կայացրել, պետք է այդ ամենը ինչ քննարկեն եւ այնպես անեն, որ ավագանիում աշխատանքը չխանգարի սպորտին:

«Ես իմ դերը այս պահին ամբողջապես տեսնում եմ սպորտի մեջ, գիտեք ինչ նպատակ ունեմ, պատրաստվում ենք այս տարվա սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը»,- նշեց փոխչեմպիոնը: Արսեն Ջուլֆալակյանի` 2016թ չեմպիոն դառնալու երազանքը եւս չի փոխվել, «ոչ մի բան չի փոխվել, բոլոր սկզբունքները եւ որոշումները մնում են ուժի մեջ, գնում ենք դեպի «Ռիո-2016»»:

Դիտարկմանը, թե երբ արվեստագետները, մարզիկներն սկսում են զբաղվել քաղաքականությամբ, քննադատության են ենթարկվում, չի՞ վախենում դրանից, նա նշեց, որ եթե մարդն իրենից արժեք է ներկայացնում, պետք է պատրաստ լինի քննադատության, որովհետեւ ինչքան էլ լավը լինի, մեկ է` դժգոհողներ լինելու են, սթափ, առողջ քննադատությունը միշտ հաճելի է, միայն թե հստակ լինի այդ ամեն ինչը եւ տեղին: Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ ինքը կուսակցական չէ, ժամանակը ցույց կտա` կդառնա կուսակցական, թե՝ ոչ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը, երկրորդ հորիզոնականում ՄԱԿ առաջնորդ, ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, 3-րդում` ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը:

ԲՀԿ-ին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրը հայտնել էր, որ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնելու է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, դասախոս Արամ Սաֆարյանը, 5-րդը` Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, 6-րդը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանը: ԲՀԿ ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնում է հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյան, 8-րդը` ԲՀԿ կանանց խորհրդից Մարինա Մարգարյանը, 9-րդը` Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը, 10-րդը` ավագանու անդամ Պողոս Փլավչյանը: Մեր աղբյուրը նշել էր, որ սա ԲՀԿ համամասնական ցուցակի նախնական տարբերակն է, առաջիկա օրերին այն վերջնական տեսքի կբերվի, սակայն հնարավոր է` որեւէ էական փոփոխություն չլինի: