«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը շարունակում է դե յուրե մնալ ԲՀԿ-ական, սակայն կուսակցություն չի այցելում, քննարկումների, քաղաքական գործընթացների չի մասնակցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:
Նա դեռեւս ԲՀԿ անդամատոմս ունի, իսկ թե ինչու չի վերադարձնում այն եւ դառնում անկուսակցական, նախկին պատգամավորը նկատեց, որ «դա որեւէ բան չի փոխում, ինքը իրեն թույլ չի տա նման մանր բաներով զբաղվել, դա Բոստանջյանին սազական պահելաձեւ չէ»:
«Ես պարզապես կհոգնեմ գնամ որեւէ մի տեղ, ասեմ` դուրս եմ գալիս: Այն պահից, երբ ցուցակում չեմ գտնվել, ես հասկացա, որ ամենայն հավանականությամբ, իմ գտնվելը, գնալը ավելորդություն կարող է լինել, ոչ թե նեղացել եմ»,- ասաց Վարդան Բոստանջյանը: Գագիկ Ծառուկյանի հետ նա վերջին անգամ հանդիպել է խորհրդարանական ընտրություններին համամասնական ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց երկու օր առաջ դրանից հետո չի գնացել, չի հանդիպել, մտածում է, որ դա իր կողմից ճիշտ չէր լինի:
Վարդան Բոստանջյանը կարոտում է պատգամավորի աշխատանքը, «Ես լավ օրենսդիր եմ եղել, կարող եմ ափսոսանք ունենալ, որ ես չեմ գտնվում այդ պուլտի մոտ»,- ասաց նախկին պատգամավորը` չցանկանալով գնահատական տալ այսօրվա ԲՀԿ խմբակցության աշխատանքին:
Իսկ թե ինչու ԲՀԿ-ն այդպես վարվեց Վարդան Բոստանջյանի հետ եւ չընգրկվեց համամասնական ցուցակում, նա նշեց, որ ինքն էլ կցանկանար իր համար այդ հարցի պատասխանն իմանալ, բայց իր էթիկայի եւ քաղաքավարության շրջանակներում բացառված է, որ որեւէ մեկին վատ աչքերով նայի, իր մարդկային հարաբերությունները ԲՀԿ-ականների հետ շատ նորմալ են, ինքը երբեւէ չի էլ հարցրել այդ մասին: Տեղի ունեցածի մասին նախկին պատգամավորն ունի իր կարծիքը. «Մեր ժամանակներում ավելի շատ պահանջարկ էին ներկայացնում այլ տիպի մարդիկ, քան Բոստանջյանի տիպիները»,- նշեց նա` չցանկանալով մանրամասնել, թե այդ որ տեսակի մասին է խոսքը:
Թե ինչու նա չի ընդգրկվել Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակում, նա այսպես պատասխանեց. «Ամոթ չի՞, որ ես քաղաքապետարանում գտնվեմ: Ես պրոֆեսոր մարդ եմ անհիշելի ժամանակներից, դա բոլորից բարձր չէ՞, քան ավագանիի աշխատանքը»:
Նախկին պատգամավորն այժմ զբաղվում է դասախոսական եւ գիտական աշխատանքներով, ուրախանում ասպիրանտների հաջողություններով: Ինչ վերաբերում է նրան պաշտոն տալու մասին անընդհատ շրջանառվող խոսակցություններին, ապա Վարդան Բոստանջյանն ասաց, որ որեւէ բան չեն առաջարկել, ինքն էլ իր բնույթով այնպիսին չէ, որ հանուն պաշտոնի դեգերումների մեջ մտնի: «Իմ տեսակը երեւի թե այդքան էլ հաջող տեսակ չի, չի անում այդպիսի քայլեր»,- նշեց նա: Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ ինքը հասկացել է, որ ամեն մի ավելորդ շարժում բերում է բացառապես բացասական հետեւանքների, խայտառակության, կիսազավեշտ վիճակների: Այժմ հետեւում է քաղաքական գործընթացներին, չի կարող չհետեւել, որովհետեւ «ավելորդ հետաքրքրասեր մեկն է»: Մասնակից չի լինում դրանց, քանի որ տարիքը եւ զբաղվածությունը այնպիսին է, որ ձգտումներ չունի դառնալ հեղափոխական կամ առաջամարտիկ:




























