«Ժամանակ» թերթը զրուցել է «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր-տնօրեն, դերասան Երվանդ Մանարյանի հետ: Հատված հարցազրույցից.
« - Պարոն Մանարյան, Դուք 2008-ից փոփոխությունների համար պայքարողների թվում եք: Ի՞նչ տարբերություն կա այս շարժման եւ նախորդի միջեւ, պայքարի նույն ոգին պահպանվե՞լ է:
- Կարող եմ ասել, որ հասարակական գիտակցության մեջ առաջադիմություն, փոփոխություն կա, սակայն այդ փոփոխությունը դանդաղ է տեղի ունենում, թե ինչու՝ դժվար է այսօր որեւէ բան ասել: Մարդիկ պատրաստ են փոփոխության համար պայքարելու, հրապարակ դուրս գալու, բայց ըստ երեւույթին դժվարությունները շատ են:
- Շարունակվող հանրահավաքները էներգիան արդյոք չե՞ն թուլացնի, առավել եւս՝ որ հանրահավաքները կարծես այնքան էլ մարդաշատ չեն: Արդյոք այս մարտավարությա՞մբ պետք է պայքարել: Շատերը քննադատում են, որ չկա գործողությունների ծրագիր:
- Քննադատողը թող դուրս գա, գործողություն անի: Մենք էլ նրա հետեւից գնանք: Քննադատելը շատ հեշտ է, բայց գործողություն կատարողին չենք տեսնում: Իմ տարիքի մարդը այդ տեսակ գործողությունների մղելու գործ չպետք է անի, ամոթ է: 89 տարեկան մարդը չի կարող ասի՝ երիտասարդներ, դուրս եկեք, գնացեք պայքարեք, երիտասարդն ինքը պետք է գա այդ գիտակցությանը, ինքը պետք է նախաձեռնող լինի: Այսօրվա ուսանողների պայքարը գուցեեւ իր արդյունքը կտա, եթե իհարկե՝ աղբյուրը պղտոր չէ:
- Կասկածներ ունեք, որ աղբյուրը պղտո՞ր է:
- Կարող է պատահի, ամեն ինչ լինում է: Դժվար փուլում է հասարակությունը, եւ պետք է կարողանա դուրս գալ այս իրավիճակից:
- Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում կամք չդրսեւորե՞ց երկիրը փոփոխությունների ճանապարհով տանելու համար:
- Գուցե չկարողացա՞վ, չստացվե՞ց գուցե նրա մոտ, նա իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, որոնք նրա ոտքի տակ օճառ են դնում...
- Նկատի ունեք օլիգարխների՞ն:
- Գիտեք, չորս բառ ենք սովորել, դա ենք անընդհատ ասում, բայց օլիգարխը կոնկրետ անձ է, եւ պետք է իմանալ նրան ինչպես վերաբերվել, մարդիկ ծախում են, առնում, թալանում: Կարծում եմ՝ ի վերջո փոփոխություն լինելու է կանանց միջոցով: Երեւի թե Հայաստանը Հայաստան կդառնա այն ժամանակ, երբ կին նախագահ կունենանք: Կանանց թեեւ հիմա ավելի ակտիվ չեմ տեսնում, բայց նրանց ազնվությանն ավելի եմ հավատում...»,- մեջբերում է «Ժամանակը»։



























