Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկանում է տաքսի ծառայություններից հանել դեղին համարանիշը, ամենօրյա տեխզննման պահանջը եւ վարորդների ամենօրյա բուժզննման պահանջը: Այդ մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյան: Նրա խոսքով՝ դրանք անտրամաբանական եւ անընդունելի քայլեր են:

Ա. Պողոսյանը նշեց, որ ներկայում հանրապետությունում կան 15 հազ. տաքսիներ, որոնց մեծ մասը Երեւանում: Դեղին համարանիշի համար վարորդները վճարում են 17 հազ. դրամ: Ըստ Ա. Պողոսյանի՝ կարելի է քննարկել միայն ադ գումարի նվազեցման հարցը, քանի որ դեղին համարանիշը օգնում է սպառողին՝ տարբերակել օրինական տաքսին անօրինականից: Այլ երկրներում նույնիսկ տաքսին են պարտադիր ներկում:

Ա. Պողոսյանն ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կտրուկ դեմ է վարորդների ամենօրյա բուժզննումը հանելուն, սակայն սպառողների ասոցիացիան գտնում է, որ բուժզննումը կարելի է իրականացնել ամիսը 2 անգամ: Ըստ Ա. Պողոսյանի՝ վարորդների մեծ մասը, հատկապես անհատ տաքսիստները, այսպես, թե այնպես ամենօրյա բուժննում չեն անցնում:

Ամենօրյա տեխզննման վերաբերյալ էլ Ա. Պողոսյանն ասաց, որ պետք է վերանայել միայն տեխզննման պարբերականությունը, քանի որ դա եւս խիստ անհրաժեշտ միջոցառում է: