Պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ առաջարկը, որի աշխատանքին կարող են մասնակցել շահագրգիռ երրորդ երկրները, Թուրքիայի արտաքին քաղաքականության զինանոցի մասն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ, ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հերթական հայտարարությունը:
Ըստ Մելքոնյանի՝ այդ առաջարկը թուրքական կողմն օգտագործում է, երբ որեւէ երկրում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: «Այդպես էլ այս անգամ Աբդուլա Գյուլը որոշել է առիթից օգտվել Շվեդիայում: Տեսնելով, որ այդ առաջարկը միջազգային հանրության կողմից Թուրքիայի կամեցած կերպով չի ընկալվում, պաշտոնական Անկարայի բարձրաստիճան պաշտոնյաները գնալով ավելի քիչ են հանդես գալիս այդ առաջարկությամբ», - ասել է թուրքագետը, նշելով, որ ավելի լուրջ փաստարկ չունենալով՝ Գյուլն ստիպված է եղել օգտագործել իր հին ծեծված առաջարկը:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորից առաջարկել է 1915թ. ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին: «Մենք Հայաստանին բաց մի առաջարկ ունենք՝ եկեք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծենք։ Եթե 3-րդ երկրները հետաքրքրվում են դրանով, թող մասնակցեն, իսկ գիտնականները որոշում կկայացնեն»:




























