Պետությունը տաքսիստներին ստիպել է վարկ վերցնել, որը հետո պարզվում է, պետք չէր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

«2010-ի հունվարի 1-ից պետությունը տաքսիների առավելագույն տարիք է սահմանել՝ 10 տարի: Մտահոգ տաքսիստներն այն ժամանակ մի քանի բողոքի ակցիաներ կազմակերպեցին կառավարության շենքի մոտ, իսկ նրանց կազմակերպությունների ղեկավարներն էլ նշում էին, որ տաքսիստներից շատերը նոր մեքենա գնելու հնարավորություն չունեն:

Հայաստանում տաքսին սոցիալական տրանսպորտ է ոչ այնքան ուղեւորների, որքան հենց տաքսիստների համար, բավական խիստ պայմանները առանց աշխատանքի են թողնում մի քանի հազար մարդու: Այն ժամանակ կառավարությունը հայտարարեց, որ մեզ ընդառաջ կգնա եւ առաջարկել է համապատասխան մեքենաներ ձեռք բերել վարկով: Ու հիմա, երբ շատ տաքսիստներ վարկ են վերցրել եւ սկսել են վճարել դրանց համար, այդ պահանջը հանում են: Պարզվում է, որ այդ վարկերը մեզ պետք չէր, բայց հրաժարվելու համար արդեն ուշ է եւ վարկերը պետք է վճարվեն»,-ասաց Դոստուրյանը:

Նշենք, որ Հայաստանում Հայաստանում գործում է մոտ 15 հազար տաքսի, որից 9 հազարը՝ Երեւանում: Տաքսիստի օրական միջին աշխատավարձը չի գերազանցում 4-5 հազար դրամը: