Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա, որը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ ասվում է, որ այս պատկերը սահմանափակում է մեր ազգային իղձերը և երազանքները, որովհետև երբ մենք ասում ենք՝ սա մեր պետությունն է և պետությունը իր միջազգային սահմաններ ունի, սահման բառը սահմանափակել բառի արմատն է։ Մեզ մեղադրում, ասում են, որ օրինակ այս գաղափարախոսությունը մեզ սահմանափակում է, որ մենք ընդլայնվենք դեպի արևմուտք կամ դեպի արևելք։ Ճի՞շտ են ասում արդյոք այդ քննադատության հեղինակները, թե ոչ։ Այո, միանշանակ և աներկբա ճիշտ են ասում։ Խնդիրը հենց սահմանի և սահմանափակման մեջ է, և լավ է, որ սահմանը մեզ սահմանափակում է տարածվել դեպի արևելք կամ դեպի արևմուտք։ Սա է իրական Հայաստանի գաղափարախոսության հաջորդ կարևոր առանձնահատկություններից մեկը, և մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ»,–ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաև սփյուռքի թեմային. «Հայաստանի Հանրապետությունը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքը իրեն, որպես հայրենիք, որը պետություն է և պետությունը ունի իր բոլոր ատրիբուտները և այդ հայրենիքը սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաև հարգանք։

Եվ այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ քաղաքացին պետք է սիրի հայրենիքը, քաղաքացին պետք է սիրի պետությունը, պետությունը պետք է սիրի քաղաքացուն։

Ես ուրախ եմ արձանագրել, որ մենք վերջին տարիներին ձևավորել ենք և ձևավորում ենք նոր ինստիտուտ, ունենք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, և արդեն համայնքներում ունենք տասնյակից ավելի սփյուռքի գործերի հանձնակատարներ, որոնց գործառույթն է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ սփյուռքի հետ հարաբերություններում և սփյուռքի ուղերձները բերել Հայաստանի Հանրապետություն։ Ես համոզված եմ, որ սա այն համակարգն է, որը ճշգրտորեն արտահայտում է պետության հայրենիք պետության հարաբերությունները սփյուռքի հետ»,– ընդգծեց Փաշինյանը։