Հարցազրույց «Արմենբրոք» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանի հետ
Պրն. Կայֆաջյան, ձեր ընկերությունը «Բորսայի լավագույն անդամ 2012» մրցանակաբաշխությունում հաղթեց կորպորատիվ պարտատոմսերի շուկայի անվանակագում; Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, ի՞նչ դրական միտումներ եղան այս շուկայում 2012 թ.:
Շնորհակալություն; Այս մրցանակը շատ կարեւոր է մեզ համար, ստեղծման օրից մենք նախընտրել ենք աշխատել կորպորատիվ արժեթղթերով, մասնավորապես՝ բաժնետոմսերով: Այդ շուկայի զարգացումը դրական կազդի նաեւ տնտեսության վրա ընդհանրապես: Մենք ծավալով առաջատարն ենք այս շուկայում:
Բայց վերջին 5 տարում կորպորատիվ պարտատոմսերի շուկան ներկայում գտնվում է իր նվազագույն մակարդակի վրա:
Դա ունի օբյեկտիվ պատճառներ: Կորպորատիվ պարտատոմսեր թողարկողների քանակն ավելանում էր մինչ ճգնաժամը, որովհետեւ շուկայում պարտատոմսի եկամտաբերության եւ վարկի տոկոսադրույքի մակարդակները «կոնսեսուսի» մեջ էին: Կորպորատիվ պարտատոմսերը հնարավոր էր թողարկել պետական պարտատոմսերի եկամտաբերությունից բարձր եկամտաբերությամբ, բայց 2009 թ. հետո պետական 3ամյա եւ ավելի ժամկետայնության պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացավ 14%-ից: Դա սառեցրեց մնացած շուկան: 2011 թ. շուկայում ունեինք միայն այն ընկերությունների պարտատոմսերը, որոնք թողարկում էին կատարել մինչ 2009-ը կամ 2009-ի սկզբին; 2011 թ. այդ պարտատոմսերը հիմնականում մարվեցին, իսկ նոր թողարկումներ գրեթե չեղան: Դա ոչ առողջ իրավիճակ է, սակայն որոշ չափով շուկան կրկին աշխուժացավ դոլարային պարտատոմսերի շնորհիվ: Սակայն դոլարային պարտատոմսերն ունեն եւ դրական, եւ բացասական կողմեր:
Եթե ավելի կոնկրետ՝ որոնք ե՞ն դրական եւ բացասական կողմերը;
Ավելի շատ դրական եմ գնահատում: Դրական է այն, որ նոր գործիք է, հնարավորություն տվեց նոր կապիտալներ ներգրավել միանգամից դեպի իրական հատված («Սաս գրուփ», «Արցախ հէկ»): Բացասական կողմն այն է, որ հանգեցնում է դոլարիզացիայի մակարդակի բարձրացման; Կարծում եմ՝ դոլարային պարտատոմսերը պետք է միտված լինեն օտարերկրյա ներդրողին, ինչպես դա արվում է այլ երկրներում: Իսկ այստեղ հիմնական գնորդները կրկին տեղական ներդրողներն էին, այնինչ տեղականների համար պետք է դրամային գործիքներն առաջնահերթ լինեն:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























