ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գարնանային աշխատանքներին ընդառաջ այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել խաղողագործների հետ, ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում անձամբ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին ու մտահոգություններին:

ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախորդ հանդիպումների ընթացքում խաղողագործները Գագիկ Ծառուկյանին խնդրել էին այս տարի եւս ինքնարժեքով բարձրորակ դեղորայք ու պարարտանյութ հատկացնել: Հենց դրանց շնորհիվ է, որ խաղողի բերքը գերազանց որակ էր տվել: Բարձրաձայնված խոստումն այսօր արդեն իրականություն է: Գյուղացիների կողմից նախկինում բարձրաձայնված խնդիրներից մեկը եւս լուծված է. բերքի մշակումն այսուհետ բարձրակարգ մասնագետների անվճար խորհրդատվությամբ կիրականացնեն:

Չնայած Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ մարզի մի քանի համայքներում արդեն իսկ հակակարկտային կայաններ տեղադրվել են, սակայն հարցը որոշ բնակավայրերում շարունակում է օրհասական մնալ: Գյուղացիների մտահոգությունը այս անգամ եւս դրական արձագանքի արժանացավ: Հնամաշ գյուղտեխնիկան եւս խաղողագործներին անհանգստացնող առաջնահերթ խնդիրների շարքում է: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Բելառուսից ավելի քան 100 միավոր բարձրորակ գյուղտեխնիկա է Հայաստան ներկրվելու, որը կարող են ձեռք բերել ամենաշահավետ լիզինգային պայմաններով:

«Հողը կերակրում է գյուղացուն, իսկ գյուղացին՝ երկրին: Ես պատրաստ եմ անել առավելագույնը, որպեսզի գյուղացիներն ընդլայնեն իրենց արտադրանքի ծավալը, աշխատեն եւ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն ունենան հայրենի երկրում»,-իր խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումն Արարատի մարզի խաղողագործների հետ է: