Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրող եւ ընտանիքի կողմից անտարբերության մատնված 2-ամյա Ալենը այժմ հաճախում է Հայ օգնության ֆոնդի կենտրոն եւ ցերեկային խնամք է ստանում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ արդեն երեխան հերթագրվել է մանկապարտեզ գնալու համար, իսկ նրա մայրը այժմ բուժում է ստանում հարբեցողության դեմ: Դրանից հետո նա աշխատանքի կանցնի «Կոկա Կոլա» ընկերությունում:

Իդա Խաչատրյանի խոսքով` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված նախաձեռնող խմբի անդամների ջանքերով նրանց տանը այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, եւ ժամանակավորապես ընտանիքը ապրում է քեռիի տանը:

Հիշեցնենք, որ 2 տարեկան Ալենը ապրում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` Դրոյի 62 հասցեում` մոր եւ էպիլեպսիայով տառապող տատիկի հետ, ով հոգեմետ դեղեր է ընդունում: Ալենի մայրը 28 տարեկան է, փաստացի ամուսնացած է եղել, երեխայի հայրը այս պահին չկար, բայց  հանձնաժողովի նիստին ներկա պոլիկլինկայի ներկայացուցիչը ասել է, որ երեխային պատվաստումների բերելիս նրա հետ այցելում էր մի տղամարդ, ենթադրվում է, որ նա կենսաբանական հայրն է:

Նշենք, որ «168 ժամ» թերթն անդրադարձել էր Ալենի պատմությանը: Թերթի թղթակցի` ընտանիքին այցելության ժամանակ, երեխան՝ Ալենը, ուղիղ մեկ ժամ ցրտից անշարժացած գամվել էր բազմոցին եւ ընդհանրապես որեւէ շարժում կատարելու ունակ չէր: Չնայած երեկոյան ժամ էր, երեխան ոչինչ չէր կերել, իսկ մայրը երկար ժամանակ տունը չէր եւ չէր հաջողվել նրան տեսնել: Տանը` խոհանոցի սեղանի տակ, հայտնաբերել էին ալկոհոլի դատարկ շշերը:Դրոյի 62 հասցեի բնակիչները թերթի  հետ զրույցում պատմել էին, որ Ալենի մայրը՝ Նարինեն, եւ տատիկը՝ Անահիտը, երեխայի խնամքով չեն զբաղվում, նրան մատնել են անտարբերության, եւ միակ խորհուրդը, որ մեզ տալիս էին՝ «Երեխուն փրկեք, մեղք ա…»: Նրանք նաեւ նշել էին, որ այդ տունը հարբեցողների, անբարոյականների որջ է, եւ պետք է երեխային շտապ հեռացնել նրանցից: