Լոռիի մարզի Տաշիրի տարածաշրջանի Պետրովկա գյուղում առանձնակի դաժանությամբ մորն սպանած տղայի գործն ուղարկվել է դատարան: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ի Լոռիի թղթակիցը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 21-ամյա Յուրիգ Ավագիմովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի դեկտեմբերի 17-ին վիճաբանել է մոր` Սուսաննա Դավոյանի հետ, որի ընթացքում տեւական ժամանակ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Արդեն ժամը 22.00-ի սահմաններում ձեռքին գտնվող մկրատն ուղղել է մոր գլխի ուղղությամբ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին, մարմնի տարբեր մասերին, հարկադրաբար հեռացրել է նրան տան ջեռուցվող սենյակից մեկ այլ` չջեռուցվող սենյակ եւ ստիպել գիշերել այնտեղ: Ստացված մարմնական վնասվածքների հետեւանքով Սուսաննա Դավոյանը մահացել է եւ նրա դիակը հաջորդ օրը՝ ժամը 11.00-ի սահմաններում հայտնաբերվել է իրենց տնամերձ հողամասում, ծառերի տակ ընկած: Գործը վարույթ է ընդունվել մարտի ամսի 6-ին:

Յուրի Ավագիմովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի հասնրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով): Յուրիկ Ավագիմովը այս պահին գտնվում է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

Դատական առաջին նիստը կկայանա մարտի 20-ին:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի