Ռուսաստանցի նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, ով չպարզված հանգամանքներում մահացել էր 2006 թ-ին, համագործակցել է բրիտանական  MI6 հետախուզության հետ: Համագործակցության ընթացքում նա ստացել է առնվազն 90 հազար ֆունտ ստեռլինգ, գրում է բրիտանական «Sunday Times» պարբերականը` վկայակոչելով Լիտվինենկոյի կնոջ ցուցմունքները, որը նա տվել էր Սքոթլանդ Յարդում:

Բացի այդ,  MI6-ը Լիտվինենկոյին կեղծ անձնագիր է հանձնել: Լետվինենկոն ամսական ստացել է 2 հազար ֆունտ բրիտանական հետախուզությունից, որոնք շարունակվել են մինչեւ  2007թ. մարտը,  այսինքն, դադարել են միայն նրա մահից չորս ամիս անց:

Հրապարկված տվյալների համաձայն` Լիտվինենկոյի հաղորդած տեղեկատվության հիման վրա հաջողվել է բացահայտել հետխորհրդային տարածքից հանցավոր խմբավորում:

Հիշեցնենք, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Լիտվինենկոն, ով 2000թ. փախել էր Մեծ Բրիտանիա,  մահացել էր 2006թ. նոյեմբերին, բրիտանական քաղաքացիություն ստանալուց հետո: Բրիտանական առողջապահության գործակալության մասնագետները մահից հետո նրա օրգանիզմում ռադիոակտիվ պոլոնիումի տարրեր էին հայտնաբերել:

Լիտվինենկոյի մահվան մեջ  բրիտանական դատախազությունը մեղադրում է նրա նախկին գործընկեր Անդրեյ Լուգովին: Ինքը` Լուգովը, ժխտում է իր մեղքը: