Այսօր՝ մարտի 17-ին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 18:10-ի սահմաններում «Վազ 2121» մակնիշի 09 ՍՕ 574 համարանիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ավտոճանապարհին՝  Գոշ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դիլիջանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները։ Տեղում են եղել նաև Տավուշի մարզի Դիլիջանի հրշեջ-փրկարարները, ովքեր դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են կատարել՝ պարզելու համար ավտոմեքենայում մարդ եղե՞լ է, թե՞ ոչ։

Ավտոմեքենան վարել է Ճամբարակ քաղաքի բնակիչ, 49-ամյա Սուրիկ Գաբրիելյանը, ով չի տուժել, ոստիկանները գյուղացիների հետ համատեղ վերամբարձ կռունկի օգնությամբ մեքենան դուրս են բերել գետից։

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի