Չինաստանն ընդգրկվել է զենք արտահանողների հնգյակում` ըստ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի ինստիտուտի նոր զեկույցի:  2008-2012թթ. Չինաստանը կատարել է  սպառազինությունների գործարքների 5%-ը: 2003-2007թթ. Չինաստանն ապահովում էր զենքի համաշխարհային արտահանման միայն 2%-ը:

Հնգյակի առաջին տեղում է ԱՄՆ-ն (30% ), այնուհետեւ` Ռուսաստանը (26%): Զենքի խոշոր արտահանողների հնգյակում են նաեւ Գերմանիան եւ Ֆրանսիան`7% եւ 6% համապատասխանաբար: 

Չինաստանը հինգերորդ տեղից դուրս է մղել Մեծ Բրիտանիային: SIPRI-ն նշում է, որ զենքի արտահանման շուկայում հնգյակի առաջնորդների փոփոխությունը տեղի է ունեցել սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ:  
2008-2012թթ. ընդհանուր առմամբ սովորական սպառազինությունների մատակարարման ծավալն աճել է 17%-ով` 2003-2007թթ. համեմատությամբ, հայտնում է  lenta.ru-ն:

Ներկրումների գրեթե կեսը (47%) տեղի են ունեցել  2008-2012թթ.` Ասիայի եւ Օվկիանիայի երկրներում: Զենքի խոշոր ներկրողների հնգյակում են.   Հնդկաստանը (12%), Չինաստանը (6%), Պակիստանը (5%), Հարավային Կորեան (5%) եւ Սինգապուրը (4%): Բոլոր գործարքների գրեթե 7%-ը բաժին է ընկել Պարսից ծոցի արաբական երկրներին: