Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները պատրաստվում են վերացնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսին, որպեսզի երկրում քաոս սերմանեն:
Վենեսուելայի Televen հեռուստաընկերությանը տված հարցաազրույցում նա նշել է, որ Վաշինգթոնում նախատեսել են սպանել Կապրիլեսին եւ մեղքը գցել Վենեսուելայի իշխանությունների վրա, դրանով երկրում քաոս սերմանելով:
Վենեսուելայի առաջնորդի խոսքով՝ Կապրիլեսին վերացնելու ծրագիրը նախապատրաստել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Պենտագոնն ու ամերիկացի մի շարք նախկին դիվանագետներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մադուրոն խոստացել է, որ Վենեսուելայի իշխանությունը կանի ամեն բան, որպեսզի պաշտպանի նախագահի բոլոր թեկնածուներին: Ինքը՝ ընդդիմադիր գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ եթե իր հետ ինչ-որ բան տեղի ունենա, պատասխանատվությունը պետք է կրի Վենեսուելայի իշխանությունը:




























