Ռամզան Քադիրովի անձնական թիկնազորի` առեւանգման եւ շորթումների մեջ մեղադրվող չեչեն ոստիկանները ազատ են արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ:

Խոսքը Չեչնիայի ՆԳՆ-ի չորս աշխատակիցների եւ նրանց երեք ծանոթների մասին է, որոնք ձերբակալվել էին մեկ տարի առաջ՝ առեւանգման եւ շորթման մեղադրանքով: Ըստ հետաքննության` 2011թ. օգոստոսին չարագործները Մոսկվայում առեւանգել էին Վրաստանի մի բնակչի, նրան տարել  Մերձմոսկվա, որտեղ, պահանջելով իրենց հանձնել Lexus lx 570-ը, 10-12 հոգով նրան մի քանի օր ծեծի էին ենթարկել: Տղամարդուն ազատել էին միայն այն ժամանակ, երբ վերջինս խոստացել էր տալ մեքենան, նրան մեքենայից դուրս էին նետել մայրուղիներից մեկի  մայթեզրին:  Տղամարդը հիվանդանոցում էր հայտնվել բազմաթիվ կոտրվածքներով եւ վերքերով: 

Ձերբակալվել էր 11 մարդ: Նրանց մեջ  էին եղել Քադիրովի անվտանգության գծով խորհրդական Զելիմխան Իսրայիլովը, քրեական հետախուզության բաժնի պատասխանատուներ Ջամբուլատ Մուհմատմուրզիեւը, Մուսհաջի Մուսուլայեւը, Խոժ Ահմեդ Իսրայիլովը, ՆԳՆ-ի մեկ այլ աշխատակից Ադամ Իսրայիլովը:

Ուժայիններն իրենց մոտ ունեցել էին փաստաթղթեր, ըստ որոնց` իրենք «համաձայն Չեչնիայի Հանրապետության ՆԳՆ 21.02.2008թ. № 470 հրամանի, գործուղման են ուղարկվել Մոսկվա՝ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռ. Ա. Քադիրովի եւ նրա ընտանիքի անդամների անձնական անվտանգությունն ապահովելու համար», գրում է «Ռոսբալտը»:

Հրատարակչության աղբյուրը պատմել է, որ հետաքննությանը ճնշման են ենթարկել: Իրենց հերթին մեղադրյալների ծանոթները պարզաբանում են, որ գործում պարզապես չկան չեչեն ուժայինների մեղքի ապացույցներ: Իր հասցեին սպառնալիքների մասին հայտարարող տուժածը գտնվում է պետական պաշտպանության ներքո: