Տաքսու դեղին համարանիշն ընդամենը վերահսկողության եւ հաշվառման միջոց է, դրա անհրաժեշտությունը չկա այլեւս: Այդ մասին ասյօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը դեղին համարանիշների փոխարեն կտրամադրի կպչուն ժապավեններ, ընդ որում՝ անվճար: Նշենք, որ դեղին համարանիշ ստանալու համար վարորդները նախկինում վճարում էին 17 հազ. դրամ:

Տաքսիներից հանվում է նաեւ ամենօրյա բուժզննման եւ տեխզննման պահանջը, մշտական կայանատեղի ունենալու պահանջը: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն»-ի ղեկավար Արմեն Եղիազարյանի՝ այդ փոփոխությունների շնորհիվ տաքսիստները կխնայեն ամսական 12-15 հազ. դրամ: Ճիշտ է՝ 2013 թ. հունվարի 1-ից տաքսիների արտոնագրային վճարները բարձրացվել են, սակայն ըստ Ա. Եղիազարյանի, տաքսիների վճարումներն ընդհանուր առմամբ նվազել են;

Տաքսի ծառայության լիցենզիայի ժամկետը 30 օրից կրճատվել է մինչեւ 5 օր, իսկ լիցենզիայի համար նախատեսված 25 հազ. դրամը կարելի է վճարել տարվա ընթացքում համաչափ:

Նշենք, որ Հայաստանում ներկայում հաշվառված են մոտ 10 հազ. տաքսիներ, որից 6300-ը շահագործում են անհատ տաքսիստները, 3400-ը՝ տաքսի ծառայությունները: