Գերմանիայի խորհրդարանի օրակարգում է հայտնվել մեկ ամիս առաջ Թուրքիայում մի գեներալի կողմից գերմանացի կին զինվորականին հայհոյելու եւ հրելու վերաբերյալ մի զեկույց։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 2013-ի փետրվարի 23-ին, երբ Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել էր Թուրքիա՝ հանդիպելու Patriot համալիրներում ծառայություն անցկացնող գերմանացի զինվորականների հետ, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։

Գերմանիայի պաշտպանության նախարարի այցի հետ կապված Մարաշ քաղաքի փողոցներից մեկը փակել են երթեւեկության համար, ինչը դուր չի եկել այդ մասով անցնող մի թուրք գեներալի, ով իջել է մեքենայից, հրել ճանապարհը փակած գերմանացի կին զինվորականին եւ նրան ասել «սիկ…»։  Թուրք գեներալի հետ մեքենայից իջած սպաներից մեկն էլ հրել է գերմանացի մեկ այլ սպայի։

Այս թեմային է անդրադարձել նաեւ գերմանական Bild պարբերականը՝ շեշտելով, թե այս միջադեպը խիստ անհանգստացրել է երկու կողմերին։  Նշվում է, որ զեկույցի համար վկայություն տված գերմանացի մի սպա հայտնել է, թե թուրք գեներալին ոչ մի կերպ չէր հաջողվում հանդարտեցնել։