Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի եւ ազգային թատրոնի հարակից տարածքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լի մեքենան:

Զոհերի մասին տվյալները տարբեր են. Reuters-ը հայտնում է 10 զոհերի մասին, AP-ն` յոթ, իսկ  AFP-ն` ութ: 

Ենթադրվում է, որ մահապարտի թիրախը պետք է դառնար երկրի անվտանգության ծառայության ղեկավարների տրանսպորտային միջոցը: Սակայն հարձակման հետեւանքով տուժել են խաղաղ բնակիչները, որոնք  գնում էին այլ միկրոավտոբուսով:  Ըստ ոչ պաշտոնական տվյալների` պաշտոնյաներից մեկը նույնպես վիրավորվել է:  Բացի դրանից, տուժել են նաեւ հարեւան սրճարանների այցելուները, հայտնում է lenta.ru-ն:

Դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն քաղաքապետի տեղակալն արդեն պատասխանատվությունը դրել է «Ալ Շաբաաբ» իսլամիստական կազմակերպության  վրա,  որին լրատվամիջոցները կապում են «Ալ Կաիդայի» հետ: