Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը լրատվամիջոցներից է իմացել, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իրեն ընդգրկել է իր կողմից առաջարկվելիք ստվերային կառավարության ցուցակում: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: «Ինչ վերաբերում է առաջարկն ընդունել-չընդունելուն, ապա եթե ես մերժեմ՝ ինչն եմ մերժում: Շատ հակասական վիճակ է»,- ասաց Կարինե Խոդիկյանը:
Նա փոխանցեց, որ ինքը հիմա իր գրական աշխարհում է, իր ժողովածուն է պատրաստում եւ կյանքը փոխելու մտադրություն չունի: Խոդիկյանի խոսքով՝ Անկախության 21 տարում առաջին անգամ է, որ ընտրությունների չի մասնակցել եւ ավելի քան կրավորական դիրք է ընդունել ամեն ինչի նկատմամբ:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ նշեց, որ եթե Նիկոլն է ասել ինչպես կարող է Նիկոլին ուղղել: Նա նշեց, որ ինքն իր կյանքում եղել է կառավարության անդամ: «Ստվերային կառավարության անդամ չեմ եղել: Դա ինձ համար նոր երեւույթ է: Ես չեմ հասցրել յուրացնել, թե դա ինչ է նշանակում: Իմ կրթահամալիրում ես աշխատում եմ եւ ինձ հրաշալի եմ զգում: Այսօրվա իմ պլանների մեջ աշխատանքի փոփոխություն չկա: Այդպիսի առաջարկ չեմ էլ ստացել»,- ասաց Աշոտ Բլեյանը եւ ավելացրեց, որ դա իր համար չէ:
Հարցին, թե կո՞ղմ է, որ առանց իր հետ համաձայնեցնելու իր անունը հնչեցրել են Ազատության հրապարակում, նա արձագանքեց. «Նիկոլնն է էլի: Ի՞նչ է արել, որ: Ես ազատ արտահայտվելու գաղափարին ինչպես կարող եմ դեմ լինել»:
«Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հրապարկել է այն անձնավորությունների ցանկը, որոնք, ըստ նրա, կառավարության մեջ ընդգրկվելու պոտենցիալ ունեն: «Այդ կարծիքը, գաղափարը Նիկոլինն է եւ այն անձանցը, ովքեր, որ այդ ցուցակը ձեւավորել են: Դա իրենց ազատությունն է: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ եթե մարդիկ հարցնեն, թե ինչու են իրենց անունները այդտեղ ներգրավել, պետք է իրենց հաղորդել, որ լավ է արել: Նիկոլը լավ է արել, որովհետեւ դա իր ազատությունն է»,- արձագանքեց Արտակ Զեյնալյանը:
Իսկ Բորիս Նավասարդյանն էլ շնորհակալություն հայտնեց, որ իրեն դիտարկել են որպես մարդ, ով կարող է օգտակար լինել երկրի խնդիրների լուծման համար, «սակայն ստվերային կառավարությունում լինելը նշանակում է մտնել քաղաքականություն»: «Իսկ ես ինձ չեմ պատկերացնում եւ բացառում եմ այդ դաշտում գործել եւ պետական պաշտոնյայի դիրք զբաղեցնելը»,- ասաց Բորիս Նավասարդյանը եւ ավելացրեց, որ այն ինչ ինքը անում է, որպես կազմակերպության ղեկավար եւ լրագրող, դա այն ներդրումն է, որ կարող է ունենալ երկրի համար եւ պլանավորում է հենց այդպես էլ շարունակել:




























