Արեւմուտքի հետ Բելառուսի հակասությունների պատճառը Լուկաշենկոյի՝ իշխանության կոշտ համակարգի եւ «պետության սոցիալական կողմնորոշման» վրա հիմնված«անկախ քաղաքականությունն է»: Այդ մասին Russia Today-ի հետ հարցազրույցում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ակնարկելով, որ իրենից կարող են օրինակ վերցնել Ռուսաստանը եւ Ուկրաինան:
Ըստ Լուկաշենկոյի` «նոր, անկախ Բելառուս պետությունը արեւի տակ իր տեղն է զբաղեցրել ինչ-որ մեկին նեղելով», որը ԵՄ-ին դուր չի եկել: «Հետո` ավելի շատ: Լուկաշենկոն շատ խիստ է հետեւում անկախության ուղղությանը», - շարունակել է նախագահը: Ըստ նրա` այդ քաղաքականությունը «զգալիորեն տարբերվում է նրանից, ինչ կցանկանային տեսնել Արեւմուտքում»: «Մենք ունենք իշխանության կոշտ համակարգ, որտեղ խորհրդարանական հաշվեհարդարով չես զբաղվի», - ասել է Լուկաշենկոն` ակնարկելով Ուկրաինայի խորհրդարանը:
Հերթական անգամ Լուկաշենկոն հերքել է իր որդիներին իշխանությունը փոխանցելու մասին լուրերը: «Ես չէի ցանկանա, որ նա (կրտսեր որդի Նիկոլայը) քաղաքականությամբ զբաղվի: Արդեն ութամյա հասակում նա կուշտ է քաղաքականությունից», - ասել է Լուկաշենկոն: «Ինչ վերաբերում է ավագ որդիներիս, նրանք ինձ ուղղակի ասում են. «Հայրիկ, մենք կուշտ ենք քո նախագահությունից»», - վստահեցրել է նախագահը: Սակայն, ըստ Բելառուսի առաջնորդի, ամենագլխավորն այն է, որպեսզի իշխանությունը գտնվի նրա ձեռքում, «ով այն կվաստակի արդար ընտրություններում», ինչպես որ ժամանակին ինքը:
«Ինձ անհանգստացնում է, թե ում ձեռքերում կհայտնվի այս խնամված, մաքրամաքուր Բելառուս պետությունը», - իր հեռանալուց հետո երկրի ճակատագրի վերաբերյալ անհանգստություն է հայտնել Լուկաշենկոն:




























