Կամբոջայում Ռուսաստանի դեսպանատունը Սիանուկվիլ քաղաքի բանտում պահվող գործարար Սերգեյ Պոլոնսկիի համար ֆրանսիացի հոգեբան է գտել: Նախօրեին Պոլոնսկին իր բլոգի միջոցով դիմել էր Ռուսաստանին` խնդրելով «ԱԳՆ-ի կողմից արտոնագրված հոգեբան հատկացնել Մոսկվայից ստացվող տարաբնույթ, իրար հակասող տեղեկատվության» կապակցությամբ:

«Կամբոջայում ՌԴ ԱԳՆ-ի կողմից արտոնագրված հոգեբան գտնելը բարդ գործ է, իսկ տեղացի հոգեբաններին Սերգեյ Պոլոնսկին չի վստահում: Առայժմ մեզ հաջողվել է գտնել միայն ֆրանսիացի հոգեբան, ով գտնվում է Կամբոջայում»,- ասել է հյուպատոս Պավել Սեսկանովը, հաղորդում է NEWSru.com-ը:

Նշենք, որ Պոլոնսկին եւ նրա ուղեկիցները ձերբակալվել են դեկտեմբերի 31-ին: Քննության տվյալներով, հարբած ռուսները դանակներով սպառնացել են նավի անձնակազմին, նրանց փակել  նավախցիկում, ապա ստիպել թռչել ծովը:

Նավաստիները փոխհատուցման դիմաց հետ են վերցրել դիմումները, սակայն Կամբոջայի իշխանությունները մտադիր են դատել Պոլոնսկիին: