Տաջիկստանի իշխանությունները Ռուսաստանից երաշխավորված ներդրումներ են պահանջում ռազմակայանի պահպանման փոխարեն: Ըստ Դուշանբեի` Մոսկվան պետք է ներդրումներ կատարի հիդրոէներգետիկայի եւ բանակի արդիականացման  բնագավառում:

Մինչդեռ Ռուսաստանում Տաջիկստանի առաջարկն անվանում են անընդունելի: Ավելի վաղ ՌԴ-ն համաձայնել էր կատարել կայանի պահպանման համար անհրաժեշտ երկու պայման, գրում է «Կոմերսանտը»:

Դուշանբեի նախաձեռնությամբ Մոսկվան վերացրել էր Տաջիկստան արտահանվող նավթամթերքների արտահանման տուրքերը եւ արտոնյալ պայմաններ կիրառել այդ երկրի ներգաղթյալների համար:

Ռուսական իշխանությունները հնարավոր են համարում միջինասիական պետությունում ներդրումներ կատարելը, սակայն  անընդունելի են համարում դրա հետ կայանի օգտագործման ժամկետների երկարացումը կապակցելը: Չի բացառվում, որ Մոսկվան վերացնի նախկինում կատարված զիջումները: