Այսօր Բուենոս-Այրեսի նախկին արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն պաշտոնապես կգլխավորի հռոմեական կաթոլիկ եկեղեցին եւ կդառնա Հռոմի պապ Ֆրանցիսկոս:

Հանդիսավոր պատարագի ժամանակ Ֆրանցիսկոսին կհանձնեն պապական իշխանության  խորհրդանշանները, մասնավորապես՝ «ձկնորսի մատանին»` որպես առաջին պապ սուրբ Պետրոսի ձկնորսական անցյալի հիշեցում: Նոր «ձկնորսի մատանին» պատրաստված է ոսկեզօծ արծաթից: Նախկինում  օգտագործվում էր միայն ոսկի:

Վատիկանում արդեն ցուցադրել են  պապական զինանշանը: Նոր պապը վճռել է պահպանել արքեպիսկոպոսի իր նախկին զինանշանը` Մարիամ Աստվածածնի եւ Եկեղեցու հովանավոր սուրբ Հովսեփի խորհրդանիշներով: Ատղին եւ ծաղկին կավելանան պապական գլխազարդը եւ խաչված բանալիները` դրախտի եւ Հռոմի:

Արարողությունը դիտելու համար կհավաքվեն շուրջ մեկ միլիոն ուխտավորներ: Հանդիսավոր արարողությանը կմասնակցեն բազմաթիվ  պետությունների, կառավարությունների եւ եկեղեցիների ղեկավարներ, հայտնում է ՆՏՎ-ն: Հյուրերի թվում սպասում են Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին, եւ դա կլինի պատմական այց. եկեղեցիների անջատումից հետո հազար տարվա մեջ առաջին անգամ ուղղափառ եկեղեցու առաջնորդը կմասնակցի կաթոլիկների առաջնորդի գահադրմանը։

Կժամանի նույնիսկ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որի պաշտոնական մուտքը ԵՄ արգելված է, հաղորդում է  «Վեստի FM» ռադիոն:

«Հայուր հազարավոր կաթոլիկներ մասնակցում են Արգենտինայում գիշերայի  արթմնակալության արարողությանը՝ Հռոմի նոր պապի գահակալության պատարագից առաջ հայտնում է utro.ru-ն։ 

Բուենոս-Այրեսի գլխավոր հրապարակն ավելի վաղ փակվել էր երթեւեկության համար, այնտեղ տեղադրվել էին հսկայական էկրաններ, որոնցով հեռարձակվելու է նոր պապի գահակալությունը: