Explorer ինտերնետ բրոուզեր օգտագործողներին խորհուրդ է տրվում օգտագործել ծրագրի 7-րդ, կամ 8-րդ տարբերակները։ Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Գրիգոր Բարսեղյանը՝ ավելացնելով, որ հատկապես Explorer 6 ծրագրում թերություններ են հայտնաբերվել, որոնք ինտերնետի օգտագործումը վտանգավոր են դարձնում։ «Արդեն դուրս են եկել բրոուզերի նոր տարբերակները, որոնք ավելի լավն են, իսկ ամենակարեւորը՝ անվճար տեղադրված են Microsoft-ի կայքում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ինտերնետ օգտագործողները պետք է հետեւեն, թե, երբ են դուրս գալիս ծրագրերի նոր տաբերակները, եւ թարմացնեն ծրագրերը։

«Ընդհանրապես, եթե ծրագրի նոր տարբերակ է լույս տեսնում, նշանակում է՝ այն ավելի որակյալ է, եւ նոր տարբերակում արդեն շտկված են լինում նախորդի թերությունները»,- նկատեց Բարսեղյանը՝ ավելացնելով, որ հայաստանյան ինտերնետ սպառողները պետք է ուշադիր լինեն, եւ հետեւեն համակարգչային տեխնիկայի եւ դրանց ծրագրային ապահովության նորություններին։

Հիշեցնենք, որ Explorer 6-ում հայտնաբերված թերությունների պատճառով Google ընկերությունը հրաժարվել է սպասարկել բրոուզերի այս տարբերակը։ Google-ի մասնագետները կասկածում են, որ Explorer 6-ում առկա թերությունների պատճառով է, որ վերջերս հաքերները հաջողությամբ կոտրել էին Google-ի սերվերները։