Ամերիկահայ լրագրող եւ իրավապաշտպան Արա Մանուկյանը մարտի 17-ին հացադուլ է հայտարարել` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջելով ետ վերցնել Հայաստանում կեղծված ընտրությունների արդյունքում նախագահ հռչակված Սերժ Սարգսյանին ուղղված շոնրհավորանքը:

Լրագրողը իր հացադուլն անում է Բըրբենք քաղաքում` Օլիվ ավենյուում գտնվող շենքի առջեւ: Նշենք, որ այդ շենքում է գտնվում ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆֆի գրասենյակը:

«Վստահելի ապացույցներ կան, որ 2013-ի փետրվարի 18-ին կայացած ընտրությունները կեղծվել են գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Wikileaks-ի տվյալներով, ԱՄՆ կառավարությունը լավ գիտի, որ Սերժ Սարգսյանը հետխորհրդային երկրների ամենակոռումպացված ղեկավարներից մեկն է: Լինելով Հայաստանի համար 1 օլիգարխը, նա օգտագործում է օրենքներն ու կեղծում ընտրությունները հանուն այն բանի, որպեսզի վերահսկի Հայաստանի ամենաեկամտաբեր բիզնեսների առնվազն կեսը»,- նշել է Մանուկյանն ու հավելել. «Որպես Քալիֆորնիայում ծնված եւ մեծացած ԱՄՆ քաղաքացի, ես՝ Արա Մանուկյանս, խնդրում եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հրաժարվել այլ երկրի ղեկավարի կողմից մարդու իրավունքերի խախտմանը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն, ընտրությունների կեղծման եւ իշխանության ուզուրպացիան աջակցելուց:

Ես կշարունակեմ հացադուլը՝ մինչեւ որ ԱՄՆ նախագահ Օբաման հետ վերցնի իր շնորհավորական ուղերձը, որը լեգիտիմացնում է Հայաստանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները»:

Լուսանկարը՝ thetruthmustbetold.com կայքի