Աբխազական երկաթուղու բացման հետ կապված կա դրական դիրքորոշում: Այդ մասին մարտի 18-ին մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման աբխազական երկաթուղու վերաբերյալ որեւէ ազդակ ստացել է, եւ որքանո՞վ են դրանք իրատեսական:
«Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել հետեւյալը, որ հենց հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաեւ Աբխազիայի նախագահի հետ եւ անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, եւ պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարեւորագույն խնդիրը լուծվի: Թե ի՞նչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել»,- նշել է նախագահը:
Վերջինիս խոսքով՝ կան որոշ խնդիրներ: «Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, եւ ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը եւ ոչ միայն»,- նշել է նա եւ հավելել. «Մենք այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երեւան, ծախսում ենք, նկատի ունեմ մեր գործարարներին, հարյուր իննսուն դոլար՝ մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է: Ուրիշ այլ հանգամանքներ նույնիսկ հաշվի չեմ առնում: Նույնն էլ արտահանման պարագայում է: Ես այստեղ մեծ հույսեր ունեմ»:




























