Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել առեւտրային բանկերում գրավադրվող անշարժ գույքի գնահատման հետ կապված խնդիրները: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին գործարարների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Այդ նպատակով երեկ Հանձնաժողովում կայացել է քննարկում անշարժ գույքի շուկայի ռիելթորների հետ: «Կարծում եմ այստեղ խնդիրներ իսկապես կան: Մենք կկազմենք առաջարկությունների փաթեթ, որը մինչեւ շաբաթվա վերջ կներկայացնենք կառավարության ղեկավարին»,- ասաց Ա. Շաբոյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարական էր տվել Ա. Շաբոյանին՝ ուսումնասիրելու, թե որքանո՞վ են մրցակցային պայմաններում աշխատում բանկերի հետ համագործակցող անշարժ գույքի գնահատման գործակալությունները: