Այն մասին, որ Միխայիլ Սահակաշվիլին վերջնականապես կորցնում է իր իշխանությունը Վրաստանում, վկայում են նրա վերջին քայլերն ու հայտարարությունները: Այդ մասին մարտի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա խոսքով, Բաքու կատարած վերջին այցից հետո Սահակաշվիլին հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստվում է հեղափոխություն իրականացնել Ադրբեջանում եւ Վրաստանում` նշելով, մի քանի ադրբեջանցի միլիարդատերերի անուններ, որոնք իբր կապված են այդ մտադրության հետ: «Դա բարդ վիճակ ստեղծեց հենց Բաքվի համար: Վրաց-ադրբեջանական հարաբերությունների վատացումը կարելի է որոշ չափով կապել հենց այդ հայտարարությունների հետ, քանի որ մեծահարուստները իրենք հերքեցին մեղադրանքները»,- նշել է Ասատրյանը:
Նա նաեւ հավելել է, թե ադրբեջանցի շատ փորձագետներ եւ քաղաքագետներ Սահակաշվիլիի հայտարարությունը որակում են որպես Ադրբեջանին եւ նախագահ Իլհամ Ալիեւին հակառուսական խաղի մեջ ներքաշելու փորձ: Ասատրյանը նշել է, թե Սահակաշվիլին փորձում է հեռանալուց առաջ բարդ իրավիճակ ստեղծել, որից դուրս գալը բարդ կլինի ինչպես վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, այնպես էլ հարեւան պետությունների համար:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























