Երեւանի ավագանու մարտի 19-ին գումարված նիստում, նախքան օրակարգի հաստամանն ու ներկայացված հարցերի քննարկմանն անցնելը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանի հարցին՝ կապված Իսահակյանի արձանի հարեւանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ եւ հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարեւանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում: Ընդ որում, նշվել է, որ նշված տարածքներում գործունեություն իրականացնելու համար կապահովվեն ոչ պակաս նպաստավոր պայմաններ: Ավելին, քաղաքապետն առաջարկել է քննարկման համար ներկայացնել նաեւ հնարավոր այլ տարածքների տարբերակներ: Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, եւ խնդիրը կրկին առաջանալու է: Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը միանշանակ մերժվել է քաղաքապետարանի կողմից: Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել եւ այդ մասին տեղեկացնել քաղաքապետին: Քաղաքապետն, ի դեպ, նաեւ նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է, նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առեւտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք:



























