2013թ տարեվերջին քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանները, ինչպես նաեւ մշակութային մյուս հաստատություններն ապահովված կլինեն ջեռուցմամբ: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այդ նպատակով 2013 թվականի բյուջեում միջոցներ են նախատեսված:
Հաղթանակ գյուղում գյուղատնտեսական նշանակության հողերի իրավական կարգավիճակը ճշտելու մասին ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի հարցին ի պատասխան քաղաքապետը նշել է, որ խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, եւ նման հարցեր կան նաեւ այլ վարչական շրջաններում: Քաղաքապետարանը, սակայն, առաջնային է համարում նման իրավական խնդիրներ ունեցող բնակարանների հարցի կարգավորումը, որից հետո, համապատասխան փաստաթղթային հիմնավորումների առկայության պարագայում, լուծում կտրվի նաեւ հողերի խնդրին: Անդրադառնալով համայնքի ենթակայության մանկապարտեզների գործունեությանը՝ քաղաքապետը վստահեցրել է, որ դրանք շարունակելու են գործել անվճար հիմունքներով, ինչի վերաբերյալ 2013 թ. բյուջեով ամապատասխան ֆինանսավորում է հատկացված: Քաղաքապետը սպառիչ պատասխանել է նաեւ հնչեցված մյուս բոլոր հարցերին, որոնք վերաբերել են քաղաքապետարանի ծրագրերով նախատեսված աշխատանքներին:



























