Ընդդիմադիր ուժերը պետք է լծվեն վարչախմբի դեմ միջկուսակցական եւ հանրային ուժերի միասնական լայն ճակատի ստեղծման գործին: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը տարածել է Facebook-ի իր էջում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Առաջարկելով ուշադիր ունկնդրել ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի քաղաքագետների միության վարչության եւ ՀՔՄ կառույցում գործող Politlogos իրավիճակային վերլուծությունների եւ քաղաքագիտական կանխատեսումների ակումբի ջանքերով կազմակերպված հանրային գիտակիրառական լսումների շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանի բանախոսությամբ լսումների նիստից Youtube–ում տեղադրված կարեւորագույն քաղվածքները, ես համոզված եմ, որ ներկա պայմաններում, երբ 1998 թվականից սկսված համաժողովրդական շարժումը թեւակոխել է որակապես նոր փուլ, Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՔՄ-ում ունեցած զեկույցի մտքերը ոչ միայն չեն կորցրել իրենց արդիականությունը, այլ կարող են համաժողովրդական շարժումը արիադնայի թելի նման դուրս բերել փակուղային բավիղներից: (http://www.youtube.com/watch?v=H910TKGom_c )

Գիտակցելով պահի լրջությունը, որը պայմանավորված է առաջիկայում կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀ նախագահի ընտրությունների իրական արդյունքների վերահաստատման անհրաժեշտությամբ, ես ակնկալում եմ պատասխանատու եւ հաշվարկված մոտեցում համաժողովրդական շարժման առջեւ ծառացած հրատապ խնդիրներին: Այն, որ 2009 թվականի քաղաքապետի ընտրություններին ընդդիմությունը չկարողացավ վերահաստատել 2008 թվականի նախագահական ընտրություններում նույնիսկ պաշտոնական տվյալներով արձանագրված արդյունքը, զիջելով ոչ միայն ՀՀՇ-ին, այլ նաեւ ԲՀԿ-ին, էապես թուլացրեց Հայ ազգային կոնգրեսը, սկիզբ դնելով վերջինիս քայքայման գործընթացին: Որպեսզի պատմությունը չկրկնվի, իմ կարծիքով համաժողովրդական շարժման այսօրվա առաջնորդները պարտավոր են վիրտուալ կառավարության ձեւավորման վարդագույն պատրանքին տրվելու փոխարեն լծվել վարչախմբի դեմ միջկուսակցական եւ հանրային ուժերի միասնական լայն ճակատի ստեղծման գործին: Դրա համար նրանք ունեն հաշված օրեր, սակայն, ինչպես մեկ տարի առաջ մեր նիստերի դահլիճում իրավացիորեն նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքականության մեջ ճիշտ քայլեր կատարելն երբեք ժամանակավրեպ չէ:

Պետք է հաշվի առնել այն, որ արդեն ակտիվացել են հայտնի բարեգործական հիմնադրամները, որոնք ընտրությունից ընտրություն բարեգործության անվան տակ ընտրակաշառք են բաժանում: Ուրեմն «Ժառանգության» ներկայացուցիչները խորհրդարանում, Սերժ Սարգսյանին «քլնգելու» պատվաբեր գործը չմոռանալով, պետք է շեշտը դնեն օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով ընտրակեղծարարության սողանցքների արգելափակման վրա: Ես նկատի ունեմ նախընտրական եւ ընտրական ժամանակաշրջանում կուսակցությունների եւ կուսակցական գործիչների, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող անկուսակցական թեկնածուների կողմից բարեգործական գործունեության ժամանակավոր կասեցման մասին պահանջն ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով անշրջանցելի դարձնելու անհրաժեշտությունը: Եթե ընդդիմությանը շուտափույտ չհաջողվի դրան հասնել, ապա հերթական անգամ դեմ կառնի նույն փոցխին: Զարուհի Փոստանջյանի իրավաբանական կրթությունը նրան այդ կարեւոր հարցում անհրաժեշտ օրենսդրական լուծումների նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն է ընձեռում: Շատ կցանկանամ, որ արդյունավետ օգտվի այդ հնարավորությունից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am