Հայաստանի իշխանությունները խաղաղ ընդդիմության մեջ վտանգ չեն տեսնում, այսօր՝ մարտի 19-ին, լրագրողներին հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Ըստ նրա՝  պետք չէ նախկին եւ ներկա նախագահներին դասակարգել «չարի» եւ «բարու»,  ինչպես որ արվում է հաճախ: «Շատերը բերում են 2008թ. մարտի 1-ի օրինակը՝ պնդելով. Ռոբերտ Քոչարյանը կոտորեց ցուցարարներին, իսկ Սերժ Սարգսյանը նրանց ձեռք չի տալիս, նշանակում է՝ նա ավելի բարի է: Եւ այդ մարդկանցից ոչ ոք չի ընդունում այն, որ այդ երկու մարդը նույն թիմն են: Եւ ինչ որ արել է մեկը, կարող է անել եւ մյուսը, եթե իր համար այնպիսի վտանգ զգա, ինչպիսին 2008թ. էր: Սակայն հարցն էլ հենց այն է, որ այժմ նման վտանգ չկա», – ասել է Բոզոյանը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է հստակ հասկանալ. ներկայիս իշխանությունը զիջումների չի գնա, եթե իր առաջ խաղաղ ընդդիմադիրների տեսնի: «Իսկ եթե այդ իշխանությունն իր համար վտանգավոր ընդդիմություն տեսնի, վստահ եղեք, որ կանի նույնը, ինչ որ Քոչարյանը», – ընդգծել է Բոզոյանը: Նա հավելել է, որ այժմ իշխանությունն այն քաղաքական իրավիճակը չի տեսնում, ինչը կար 2008թ. ընտրություններից հետո:  

Իր հերթին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ներկայիս ընդդիմության պայքարի տեսանելի արդյունք է անվանել բացահայտ քաղաքական ցինիզմի կրճատումը: «Հեշտ հաղթանակի մասին նախկինում բացահայտ ցինիկ հայտարարություններ անող իշխանության պատգամավորներն այժմ չգիտեն՝ ինչպես արդարացնել նախկին արտահայտությունները, եւ ավելի հավասարակշռված են իրենց պահում»: Նա հավելել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ստիպել է հաշվի նստել իր վարկանիշի հետ նաեւ մարզերում հանրահավաքներից հետո: «Նա ցույց տվեց, որ իր հետեւորդներն իր շուրջն են հավաքվում ոչ միայն Երեւանում: Հիշեք Կապանի հանրահավաքը: Նույնիսկ իշխող կուսակցության համար այնտեղ հանրահավաք անցկացնելը հեշտ չէ: Իսկ ընդդիմությունը եկավ եւ հավաքեց երեք հազար մարդ», – ասել է Գրիգորյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am