ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը («Բուռնաշը») պատրաստվում է այցելել Ազատության հրապարակում արդեն 9 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր` մարտի 19-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր է հացադուլը դադարեցնել, որովհետեւ իրեն շատ լավ առաջարկ է եղել` լինել խորը ընդդիմություն, որը կզտի ընդդիմության անորակ վիճակը: «Ընդդիմությունն ավելի որակյալ կլինի եւ հակակշիռ կլինի այսօրվա մեր կառավարությանն ու իշխանություններին, որից Հայաստանը կարող է օգտվել»,- նշեց նա:

Աղաբաբյանը չի կիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը չարացած է աշխարհի վրա: «Րաֆֆին այնպիսի մարդ չի, որ չարանա աշխարհի վրա, որովհետեւ ինքը նախ շատ խելացի է եւ երկրորդ՝ ինտելեկտուալ մարդ է, եւ երրորդ, ցանկանում է, որ իր Հայաստանը լավը լինի: Բայց մյուս կողմից, այն ճանապարհը, որ վերցրել է, այն բեռը, որ իր ուսերին վերցրել է, այդ ուժը չունի: Ինքն այդ դերակատարումը չի կարող մինչեւ վերջ տանել, որովհետեւ ինքն այդ դերով չի ապրել, որովհետեւ դա նորություն է իր համար»,-ասաց Աշոտ  Աղաբաբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանը երդմնակալությունը իր դիակի վրայով անելու հայտարարությունն էլ նա համարեց մանկական միտք եւ նշեց, որ կարելի է դրանից շատ նուրբ դուրս գալ, որ ժողովուրդն իրենից չհիասթափվի:  ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լինել իշխանություն, բայց ոչ առաջինը, քանի որ Հայաստանում առաջինը լինելու համար մեծ ամակ պիտի ունենաս: