Ավստրալիայի կառավարությունը ահաբեկչական խմբավորումների սեւ ցուցակում ներառել է իսլամական խմբավորմանը, որը Սիրիայում պայքարում է Ասադի ռեժիմի դեմ: Այս մասին հաղորդում է The Australian-ը:

Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Քարը հայտարարել է, որ Ավստրալիան «Ջեբհաթ ան-Նուսրա» («Հաղթանակի ճակատ») կազմակերպությունը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, որպեսզի զրկի այդ կազմակերպությանը ֆինանսավորումից եւ աջակցությունից: Մինչ Սիրիայում հակամարտությունն անհայտ այդ կազմակերպությունը 2012-ի կեսերին դարձել է Սիրիայում ապստամբության առաջատարը եւ «Սիրիայի ազատ բանակի» հարվածային ուժը:

Սենատոր Քարը նշել է, որ«Հաղթանակի ճակատը» Սիրիայում բազմաթիվ ահաբեկչություններ ու պայթյուններ է կազմակերպել: «Ես տեղեկացված եմ, որ «Ջեբհաթ ան-Նուսրան» ակտիվորեն գործում է ոչ միայն Սիրիայի զինվորականների, այլեւ քաղաքացիական թիրախների դեմ: Այդպիսի բռնի ծայրահեղական խմբերը տեղ չպետք է ունենան Սիրիայում կամ մեկ այլ վայրում»,-ասել է նա: