Կիպրոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է բանկային ավանդների հարկման նախագիծը: 36 պատգամավորներ դեմ են քվեարկել, 19-ը՝  ձեռնպահ, մեկ խորհրդարանական էլ բացակայել է:

Խորհրդարանի նիստից մի քանի ժամ առաջ Cyprus Broadcasting Corporation (CyBC)-ի աղբյուրներն հայտարարել էին վիճելի փաստաթղթի քննարկումը մարտի 20-ին հնարավոր հետաձգման մասին: Սակայն քվեարկությունը կայացել է  նախօրեի երեկոյան: 

Նիկոսիայում նիստի ընթացքում 2000 քաղաքացիներ խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում, տարածքը շրջափակել էր ոստիկանությունը։
 
Մարտի 15-ին եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել էին Կիպրոսին մինչեւ 10 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը:  Ընդ որում, պարտադիր պայման էր դարձել Կիպրոսի կողմից բանկային ավանդների վրա միանվագ հարկեր կիրառելը: Մի շարք փոփոխություններից հետո կաավարությունում օրինագիծ էր ընդունվել, որը ենթադրում էր մինչեւ 20 հազար եվրոն չհարկվող ավանդ սահմանել: 20 հազարից ավելի ավանդների վրա դնել 6,75 տոկոս հարկ եւ 9,9 տոկոս հարկ` 100 հազար եվրոյից ավելի ավանդների վրա:

Պայմանները համապատասխանում են Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստաիդիսի դիրքորոշմանը: Նա չի համարձակվում բարձրացնել խոշոր ավանդների հարկերը մինչեւ 15,6%, քանի որ  երկրի ֆինանսական համակարգից մասնավոր կապիտալի փախուստի մտավախություն ունի:

Կապիտալի փախուստը կանխելու համար, նախքան  հարկման ենթարկելը, Կիպրոսի կառավարությունը սառեցրել է բանկային հաշիվներից խոշոր գումարների էլեկտրոնային փոխանցումները, իսկ բազմաթիվ բանկոմատներում էլ սահմանվել էր կանխիկ մինչեւ 200 եվրո հանելու սահմանափակում: Բանկային  համակարգի աղբյուրները gazeta.ru-ին հայտնել էին, որ միջոցները զանգվածայնորեն  դուրս են բերվել մինչ հաշիվների սառեցումը: