Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ենթադրաբար, դեռ հունվարի վերջին հայր է դարձել:  Այդ մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուտաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ինչպես հաղորդում է հեռուստաընկերության զրուցակիցը, այդ տեղեկությունը նա ստացել է Կորեայի իշխող Աշխատանքային կուսակցության ներկայացուցչից, երբ այս ամիս այցելել էր Փհենյան, հաղորդում է «Իտերֆաքսը»:

Իսկ փետրվարին հյուսիսկորեական առաջնորդի նորածին աղջկա մասին բրիտանական լրագրողներին պատմել է ամերիկյան բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը: Նա The Sun թերթին հայտնել է, որ ընդունելության ժամանակ Կի Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժուն անընդհատ խոսում էր «իրենց չքնաղ նորածին աղջկա մասին», հաղորդում է Lenta.ru-ն:

Հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթը փետրվարի կեսին գրել էր, որ Լի Սոլ Չժուն, հնարավոր է, ծննդաբերել է դեռ դեկտեմբերի վերջին, քանի որ ամանորյա համերգի կադրերում նա արդեն չուներ ընդգծված որովայն: Լի Սոլ Չժուի հղիության մասին լուրերը սկսել էին շրջանառվել 2012 թ. հոկտեբերին եւ հիմնվում էին Փհենյանի կողմից ցուցադրված պաշտոնական կադրերի եւ լուսանկարների վրա: