«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը (ACP) քննարկում է ծծմբական թթվի արտադրությունը վերականգնելու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը շահագործում է Ալավերդիի լեռնամետալուրգիական կոմբինատը, որը «Վալլեքս» խմբի ընկերությունների մի մասն է:
Այս առնչությամբ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ից հայտնում են հետեւյալը.
«Հարցն առաջին հերթին արժեւորելով սեփական գործունեության բնապահպանական անվտանգության բարձրացման համատեքստում՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը իր հիմնադրման օրվանից քննել է ծծմբական թթվի արտադրության վերականգնման հնարավոր հեռանկարները եւ արդեն 2005 թ. սկսել է այդ ուղղությամբ առարկայական աշխատանքներ: Անցած ժամանակահատվածում Եվրոպայից ձեռք են բերվել եւ Հայաստան ներկրվել, կարգաբերվել եւ շահագործման նախապատրաստվել գազերի մաքրման (լվացման) բաժանմունքի եւ ծծմբական թթվի արտադրամասի կառուցման համար անհրաժեշտ այլ սարքավորումներ, նորոգվել եւ շահագործման է նախապատրաստվել գազերի չոր էլեկտրազտման համակարգը:
Ըստ էության՝ ներկայում ընկերությունը հիմնականում ապահովել է ծծմբական թթվի արտադրության վերսկսման տեխնիկական նախադրյալները: Սակայն արտադրության գործարկման այն հեռանկարի համար, որում արտադրանքի հիմնական մասի իրացման խնդիրը լուծվում է ՀՀ-ից արտահանմամբ, բավարար չեն օբյեկտիվ տնտեսական նախադրյալները՝ պայմանավորված համաշխարհային շուկաներում առկա իրավիճակով ու Հայաստանի տրանսպորտային սահմանափակումներով: Օբյեկտիվ տնտեսական ներկա պայմաններում ակնհայտ է, որ Ալավերդիի գործարանում՝ ծծմբական թթվի արտադրությամբ համալրված պղնձաձուլական արտադրությունը կենսունակ կարող է լինել միայն այն դեպքում, երբ ծծմբական թթվի մեծ քանակների համար բնապահպանական անվտանգության պատշաճ մակարդակով իրացման ճակատ ապահովվի Հայաստանում: Դրա՝ հիպոթետիկ մակարդակում հնարավոր տարբերակները բազմազան են. պարարտանյութերի արտադրություն, աղակալած հողերի բերրիացում, գիպսի եւ դրանից պատրաստված արտադրատեսակների արտադրություն եւ այլն: Խնդրի համակողմանի ուսումնասիրության արդյունքում ընտրված միակ իրատեսական, տնտեսապես իրագործելի տարբերակը պղինձ պարունակող օքսիդացված հանքաքարի վերամշակման նպատակով ծծմբական թթվի օգտագործումն է Հայաստանի հանքավայրերում, մասնավորապես՝ Թեղուտում: Այս տարբերակը կյանքի կոչելու դեպքում Ալավերդիում պղնձաձուլական արտադրության բնապահպանական անվտանգության խնդրի արմատական բարելավման, Թեղուտի հանքավայրում առկա օքսիդացված հանքաքարի պաշարների՝ շրջակա միջավայրի համար անվտանգ պահեստավորման եւ օգտակար հանածոների առավել լիարժեք կորզման խնդիրները կստանան լուծումներ, որոնց արդյունավետությունը հիմնավորված է նաեւ համաշխարհային առաջադեմ փորձով:
Ալավերդիի գործարանում ծծմբական թթվի արտադրության ու Թեղուտում օքսիդացված հանքաքարի վերամշակման ուղղությամբ գործունեությունը միասնական տնտեսական հայեցակարգի մասեր են եւ իրագործելի են միասնական տեխնիկական օրակարգով եւ ժամանակացույցով: Դրանով պայմանավորված՝ ծծմբական թթվի արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ ներդրումների ճշգրիտ ծավալ, հստակ ժամկետ, քանակական եւ այլ ցուցանիշներ նշել դեռեւս հնարավոր չէ:
Ըստ էության՝ պղինձ պարունակող օքսիդացված հանքաքարի՝ շրջակա միջավայրի համար անվտանգ տեղակայման եւ դրանից օգտակար հանածոների կորզման խնդիրը կա պղնձի հանքաքար պարունակող գործնականում յուրաքանչյուր հանքավայրի շահագործման դեպքում: Թեղուտի հանքավայրի պարագայում այդ խնդրի՝ առաջադեմ համաշխարհային փորձին համահունչ լուծումների տեղայնացման փորձն առաջինն է տարածաշրջանում: Սակայն, հաշվի առնելով Հայաստանում այդպիսի մի շարք հանքերի գոյությունը, երկարաժամկետ հեռանկարում կարելի է Հայաստանի ներքին շուկայում ծծմբական թթվի իրացման պոտենցիալ կայուն ճակատ կանխատեսել:
Երկու հիմնական մատակարարներից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունների մատակարարած խտանյութերում ծծմբի միջին պարունակությունը կազմել է համապատասխանաբար մոտ 30 եւ 34 տոկոս: Այդպիսի պարունակությունները բավարար են առանց ծծումբ պարունակող հումքի լրացուցիչ մատակարարումների ծծմբական թթվի արտադրություն իրականացնելու համար: Ընկերության կողմից ներկայում դիտարկվող տեխնոլոգիաները թույլ են տալիս արտանետվող գազերից կորզել ծծմբային անհիդրիդի մինչեւ 96 տոկոսը:
Ծծմբական թթվի կիրառությամբ պղնձաձուլական արտադրության խարամներից երկաթի կորզման տնտեսապես իմաստավորված տեխնոլոգիաներ մեզ հայտնի չեն, եւ թթվի իրացման այդպիսի տարբերակ ընկերության օրակարգում չկա: Այդուհանդերձ ընկերությունը բաց է ծծմբական թթվի կիրառության հնարավոր այլ տարբերակների կենսունակության քննարկման համար»:




























