Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բնապահպանության նախարարությունից: Նախարարն արգելոցի աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խորհրդի նախագահ եւ Հրաչյա Հովակիմյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին Բնապահանության նախարարի 2013թ. մարտի 18-ի հրամանները:
Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ մրցույթում 70 տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը եւ Գառնիկ Շաբոյանը: Նախարարի խոսքով` հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման: Արամ Հարությունյանն արգելոցի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին: Հանձնարարվել է «Խոսրովի անտառ»-ի ղեկավարությանը զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման համար: Նախարարը մասնավորապես կարեւորել է գիտական ուսումնասիրությունների պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը: Ինչպես նաեւ Արամ Հարությունյանը առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:
Նշենք, որ մարտի 15-ին, կայացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: 11 թեկնածուներից մրցույթին չի մասնակցել 4-ը: Ըստ մրցույթի արդյունքների` 70 տոկոսանոց շեմը հաղթահարել են 3 թեկնածու` Վարանցով Բարսեղյանը` 78,5 տոկոս, Հրաչյա Հովակիմյանը` 98 տոկոս, Գառնիկ Շաբոյանը` 70,8 տոկոս: Համաձայն կանոնակարգի` բնապահպանության նախարարը եռօրյա ժամկետում կնշանակի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չէր նշանակվել այդ պաշտոնում` գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել էր տնօրենի նշանակման գործընթացը: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ինչպես Գաբրիել Պողոսյանը, այնպես էլ Հրաչյա Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալներն են»:



























