Մահափորձից հետո Պարույր Հայրիկյանն արեց ամեն ինչ, որպեսզի երկիրը չգնա ոճրագործի պատվիրատուի գծած ճանապարհով. արդյունքում` ունեցավ ոչ միայն առողջության տեւական քայքայում, այլեւ կորցրեց ընտրողների այն ձայները, որը կարող էր ունենալ, եթե հանցագործությունը տեղի չունենար: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Հարցին, թե իրական պատվիրատուի հարցում Հայրիկյանը որեւէ վարկած ունի՞, նա պատասխանեց, որ կարող է ունենալ բազմաթիվ վարկածներ, սակայն իրենց պահանջն է նախաքննական մարմնից, որ ողջամիտ ժամկետում բացահայտի իրական պատվիրատուին:

«Նրանք Հայրիկյանին չեն ճանաչել: Մեր կարծիքով դա ուղղված էր եւ Պարույր Հայրիկյանի եւ պետության անվտանգության դեմ: Եթե նախաքննությունը կասի, որ այլ պատվիրատուներ չկան, նյութերին ծանոթանալուց հետո կանենք մեր հայտարարությունը: Տեսեք հանրության մեջ խոսում են, թե ում էր ձենտու, ինչո՞ւ գաջ քսողը պետք է սպանության փորձ աներ: Բայց մեր նպատակն է, որ լինի օբյեկտիվ քննություն»,- ավելացրեց փաստաբանը:

ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանն էլ ասաց, որ նրա առողջական վիճակում դրական տեղաշարժ չկա: Ըստ բժիշկների` ճզմվել է նրա նյարդային համակարգը: Ավելին` առողջապահության նախարարության ցուցումներով, նախատեսել են նրա բուժումն իրականացնել արտերկրում: