Շաբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված Empyray ռոք խմբի համերգը չի կայանալու: Խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, որ իրենք երեկ որոշել են չեղյալ համարել համերգը:
Նա շեշտեց, որ «կողքից թամաշա անողները, ոչ թե հրավիրողները» փորձում էին իրենց մասնակցությունը եւ չմասնակցությունը քաղաքական աստառի տակ մտցնել, թեեւ մի քանի առիթով իրենք շեշտել են, որ իրենց համար երաժշտությունը քաղաքականության հետ կապ չունի, դա մշակութային երեւույթ է: «Եթե մի տեղ մեր երաժշտությունը լսելու ցանկությունը կա, մենք չենք հարցնում` իսկ այդ զանգվածն ի՞նչ քաղաքական դիրքորոշում ունի, դա մեր համար այդ պահին երկրորդական երեւույթ է: Եթե մարդիկ ուզում են մեր երաժաշտությունը լսել, մենք պատրաստ ենք նվագել»,- նշեց մենակատարը` շեշտելով, որ համերգը մշակութային իրադարաձություն է եւ չի կարող համարվել քաղաքականությունը:
Սարգիս Մանուկյանը պարզաբանեց, որ համերգը չեղյալ է համարվել մի քանի պատճառով: Նախ, քանի որ պետք է ռոք երգի փառատոն լիներ, դա ենթադրում է առնվազն երկու խմբի մասնակցություն, բայց երկրորդ խմբի հարց չլուծվեց: «Տեխնիկապես եւ ստեղծագործական առումով նպատակահարմար չգտանք մասնակցել համերգին»,- ասաց Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ համերգին պատրաստվելու համար ունեին 3 օր, իսկ այդ ընթացքում չէին հասցնի պատրաստվել 2 ժամանոց ծրագրի համար, հետեւաբար` իրենք չեն կարող այդ ամենին մատների արանքով նայել, հենց այնպես հանդես գալ եւ իրենց ուզած համերգը չտալ:
«Մենք թույլ չենք տա, որ մեր մասնակացությունը եւ չմասնակցությունը քաղաքական շահարկման առիթ դառնա, մասնակցելն էլ, չմասնակցելն էլ քաղաքական պատճառներ չունեն: Մենք որպես քաղաքացի` ունենք մեր դիրքորոշումը, բայց համերգը` որպես երեւույթ, քաղաքական չէ»,-ասաց Սարգիս Մանուկյանը` շեշտելով, որ իրենց վրա որեւէ քաղաքական ճնշում չի եղել:
Empyray խմբի մենակատարը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ լարվածությունը խոսում է երկրում առկա մի շարք խնդիրների մասին, հասարակության պետք է բարձրացնի այդ խնդիրները, իսկ քաղաքական ուժերը` լուծեն դրանք: Նրա խոսքով` «այս ընտրություններով հասարակությունը տուպիկի առաջ կանգնեցրեց թե իշխանությանը, թե ընդդիմությանը եւ պարտադրեց նոր իրավիճակ, որ երկուսն էլ ստիպված են գնալ բաց խաղի»:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսում նշեց, որ Empyray խմբից հայտնել են, որ համերգը չեղյալ է համարվում տեխնիկական պատճառներով: «Ժառանգությունը» չի ցանկանում գնահատական տալ Empyray-ի որոշմանը, քաղաքական հավանական պատճառների մասին էլ որեւէ բացատրություն չունեն: Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այս պահի դրությամբ շաբաթ օրը ժամը 17.00-ին Ազատության հրապարակոմ որեւէ համերգ նախատեսված չէ, եթե որեւէ բան փոխվի, հավելյալ կտեղեկացնեն:



























