Այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչատուրյանին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբյանը մասնավորապես ասել է. «Ես հպարտ եմ, որ Լիբանանի կառավարության մոտ հայ երիտասարդը կարող է այսպիսի վստահություն ներշնչել եւ այսպիսի պաշտոններ զբաղեցնել»:
Արա Խաչատուրյանը՝ որպես Լիբանանի գործերի հավատարմատար, մեկնելու է Հարավ-աֆրիկյան հանրապետություն, որտեղ մոտ 35.000 լիբանանցի կա, ովքեր եկեղեցի եւ դպրոց ունեն: Նրանցից մոտ 300-ը հայեր են: ՀՀ սփյուռքի նախարարը խնդրել է հայերից ակտիվ խումբ կազմել, աջակցել տեղի հայերին` համայնք ձեւավորելու հարցում:
Պարոն Խաչատուրյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ շատ տպավորված է Հայաստանով ու հայերով. «Հայաստանցիների հետ անցկացրած ժամանակը ամենալավ ժամանակն էր: Տեղացի հայերը լավն են, պարզ, հյուրասեր: Շատ տպավորվեցա, ճանաչեցի երկիրը, մարդկանց, հայերենս ավելի առաջ գնաց: Այստեղ շատ բաներ նկատեցի: Երեւանը Վատիկանի պես է: Ինչպես աշխարհի բոլոր կաթոլիկները գնում են Հռոմ, այնպես էլ աշխարհի բոլոր հայերը ձգտում են Հայաստան»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայերի հիմնախնդիրներին աջակցելու ծրագրեր, ձեռք բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ:



























