«Երկուշաբթի տեղի ունեցած ՀՀ նախագահի եւ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպման մասին, բնականաբար, պիտի շատ խոսվեր։ Սերժ Սարգսյանի ասածները, իհարկե, պետք է քննարկվեին, քննադատվեին եւ մեկնաբանվեին։ Բայց սովորաբար նման դեպքերում լինում է նաեւ մի «օժանդակ թեմա», նրանք, ովքեր չեն հրավիրվում նման հանդիպումների, պնդում են, որ նրանք, ովքեր հրավիրվել են, վերահսկվում են նախագահի կողմից (դա ամենամեղմ մեղադրանքն է): Չնայած դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերահսկում ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը։ Ինձ, որպես հանդիպմանը մասնակցող լրագրողի, ճիշտն ասած, հետաքրքրում էր իմ աշխատանքը՝ որքանով օպերատիվ եւ որակյալ ձեւով ես իմ ընթերցողներին կհաղորդեմ այդ պատմությունը (story իմաստով), ինչը ես եւ արեցի իմ դիկտոֆոնի միջոցով։ Թե ինչպիսի նյութեր են նույն հանդիպումից պատրաստել իմ գործընկերները, ցավոք, ժամանակ չունեի հետեւելու։ Ինչպես եմ աշխատել ես, դա էլ, իհարկե, իմ որոշելիքը չէ։ Բայց քանի որ այդ «օժանդակ թեման» հետաքրքրել է լրատվամիջոցներին, «Առավոտը» պարզաբանումների համար դիմել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին, որն ուղարկել է հետեւյալ պատասխանը. «Ուզում եմ մեկ անգամ էլ հստակեցնել՝ ՀՀ նախագահը ոչ թե մամուլի ասուլիս է անցկացրել, այլ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ձեւաչափի վերաբերյալ նախօրոք տեղեկացրել ենք, որ «այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշոում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները»: Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել օգտվել ձայնագրիչներից եւ օգտվել են։ Իսկ ամբողջական տեսագրությունը հեռուստաընկերությունների տրամադրության տակ եղել է եւ նրանք ցուցադրել են այն ըստ իրենց հայեցողության՝ ամբողջովին կամ հատվածաբար»: Այսքանից հետո ուզում եմ խնդրել Արմենին, որ նման հաջորդ հանդիպմանը նա ինձ չկանչի։ Որպեզի ես հնարավորություն ունենամ հրավիրված լրագրողների մասին գրելու, թե նրանք «վերահսկվում են»:
«Առավոտ». Խնդրում եմ, ինձ էլ մի կանչեք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման
Տեղադրություն




























