Մարտի 22-ին, ժամը 13:00-15:00-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) անցկացնելու է իրազեկման ակցիա` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

ՀԿԽԸ Առողջապահական բաժնի աշխատակիցները եւ կամավորները Երեւանի պետական բժշկական համալսարանից մինչեւ Երիտասարդական մետրո ձգվող տարածքում, Աբովյան փողոցի երկայնքով, հանրությանը բաժանելու են տուբերկուլյոզը լուսաբանող տպագիր նյութեր եւ պատասխանելու են նրանց հարցերին: Ավ. Իսահակյանի արձանի հարեւանությամբ տեղադրվելու է տաղավար, որտեղ եւս կարելի է տեղեկանալ տուբերկուկուլյոզով վարակվելու ուղիների եւ բուժման կազմակերպման մասին:

Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է խլում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք,  մահանում է 1.6 միլիոնը:

Վարակվածների 87 տոկոսը 15-55 տարեկան աշխատունակ տարիքի մարդիկ են, որոնցից 30 տոկոսը` մինչեւ 24 տարեկանների տարիքային խումբն է:

Տուբերկուլյոզը առողջապահական լուրջ խնդիր է նաեւ Հայաստանում: 2012թ. մեր երկրում հաշվառման մեջ է եղել տուբերկուլյոզով 3437 հիվանդ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի սողիալ-հոգեբանական աջակցության եւ կրթական մասը` ՀՀ-ում գրանցված բոլոր` ինչպես ռեգուլյար, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդներին տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն եւ հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ եւ տեղեկատվություն:

Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից, որի հիմնական ստացողը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, իսկ ենթաստացողը`ՀԿԽԸ-ն: