1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված «2007-2015թթ. Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները եւ նպատակները:
Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումը եւ հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եւ լրիվ անվճար է: Ժամանակին եւ ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլյոզը լիարժեք բուժվում է:
Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու (առաջին հերթին ընտանիքի անդամներին), որոնց 10 տոկոսը հետագայում հիվանդանում է տուբերկուլյոզով: Չբուժված հիվանդների 50 տոկոսը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25 տոկոսի մոտ կայուն իմունային համակարգի շնորհիվ տեղի է ունենում սպոնտան առողջացում, մնացած 25 տոկոսի մոտ զարգանում է քրոնիկ տուբերկուլյոզ:
Տուբերկուլյոզի խնդրին լուծում տալու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մշակել է տուբերկուլյոզի բուժման DOTS (Directly Observed Treatment Short-course - Ուղղակիորեն հսկվող բուժման կարճաժամկետ կուրս) ռազմավարություն, որն արդյունավետ կերպով կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր, այդ թվում նաեւ զարգացած շուկայական տնտեսություն ունեցող, երկրներում:
1995 թվականից սկսած աշխարհի գրեթե 184 երկրում այս ռազմավարությամբ բուժվել է ավելի քան 31,8 մլն մարդ:




























