Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանում է դժգոհություններ այն մասին, որ քաղաքացիները նույնականացման (ID) քարտերով հանրապետության ներսում չեն կարողանում օգտվել մի շարք ծառայություններից; Այդ մասին այսօր՝ մարտի 21-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ ID քարտ ներկայացնելիս լրացուցիչ անձնագիր պահանջելը օրենքի խախտում է;

ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը նշեց, որ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի համաձայն՝ ID քարտն անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ է, հետեւաբար՝ անձնագիր պահանջելը իրավաչափ չէ, քաղաքացիները կարող են վիճարկել այդ պահանջները:

ՀՀ վարչապետը դրան ի պատասխան նշեց, որ «Վան» ռադիոկայանի բլոգերում կան օրինակներ, թե որտե՞ղ եւ ո՞ր մարմիններում ID քարտերը չեն սպասարկում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ որոշ դեպքերում բանկերը եւ նոտարները ստիպված են պահանջել անձնագիր, քանի որ ID քարտի վրա հասցե նշված չէ, իսկ այդ մարմիններին հասցեն անհրաժեշտ է: Հասցեն կարդալու համար հիմնարկները պետք է ձեռք բերեն քարտը կարդացող (card reader) սարքեր, սակայն մինչ այժմ ոչ բոլորն են դա անում:

Փոխոստիկանապետը նշեց, որ հասցեն նշվում է ոչ թե ID քարտի վրա, այլ կրիչում, ու հիմնարկները պարզապես պարտավոր են քարտ կարդացող սարքեր ունենալ, այլապես քաղաքացին ստիպված է կամ անձնագիր ներկայացնել, կամ տեղեկանք բերել: Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ 64 հազար քաղաքացի դիմել են քարտ ստանալու համար, 62 հազարը ստացել են:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ հանրապետություն է բերվել մոտ 40 հազ. հատ ID քարտ կարդացող սարքեր, ու ցանկացողները կարող են ստանալ դրանք: Հետագայում այդ սարքերը կմատակարարվեն մասնավորների կողմից:

Ի վերջո՝ Տ. Սարգսյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց, որ մինչեւ տարվա վերջ այս հարցում խոչընդոտները վերացվեն, քանի որ 2014 թ. ուժի մեջ են մտնում նաեւ կենսաթոշակային բարեփոխումները, ու ID քարտերի օգտագործման շրջանակը զգալիորեն կընդլայնվի: