Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առեւտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թ. չորրորդ եռամսյակի վերջին կազմել են 1.17 մլրդ դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1.06 մլրդ դոլարի փոխարեն: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2012 թ. չորրորդ եռամսյակի բանբերում:
Եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 759.7 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 626.9 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:
2012 թվականի չորրորդ եռամսյակի վերջին առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել՝ Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը կազմել է 25.8% (նախորդ եռամսյակում` 21.5 %), Լյուքսեմբուրգը՝ 7.7 % (նախորդ եռամսյակում` 8.8 %), Նիդեռլանդները` 7.4 % (նախորդ եռամսյակում` 6.0 %): Վարկերի մոտ 34.6%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
2012 թվականի չորրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ աճել է եւ կազմել 6.4%: Արտաքին վարկերի 39.9%-ը լողացող (LIBOR, EURIBOR եւ այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 5.0 տարի է:




























