Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» ռեստորանային համալիրի տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) հսկայական լողավազաններ է կառուցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հաստատեց այս տեղեկությունը, հավելելով, որ այդ լողավազանները «կփոխարինեն Սեւանին»:
Ներկայացնելով ընթացող շինարարության մանրամասները, նա տեղեկացրեց, որ բացօթյա լողավազաններ են լինելու զբոսաշրջիկների եւ տեղացիների համար: «Լողավազանում լինելու են տարբեր տեսակի բեմեր՝ նախատեսված երաժշտության, փարթիների եւ տարբեր տեսակի միջոցառումների համար: Ամբողջ տարածքը ծաղիկներ եւ ջուր է լինելու: Նախատեսված է մինչեւ 700-800 մարդու համար»,- մանրամասնեց Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ մինչեւ մայիսի 20-ն արդեն շահագործման կհանձնեն:
Հարցին, թե մարդկանց հասանելի կլինի՞ այդ ամենը, Հակոբյանը պատասխանեց, որ դեռ տարբերակներ են մտածում: «Համենայնդեպս ավելի էժան կնստի մարդկանց վրա, քան գնան Սեւան ու հետ գան»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը:




























